Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կանցկացվի Սահմանադրության փոփոխությունների ու լրացումների հանրաքվե, որ առաջարկել է նախագահ Իլհամ Ալիևը և նախատեսում է փոփոխություններ 29 հոդվածներում:
Ի՞նչ հարցեր են դրված հանրաքվեի
Ընտրողները պետք է քվեարկեն 29 կետերով, մասնավորապես.
• Նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից դարձնել 7տարի
• Սահմանադրությունից հանել դրույթը, որ Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել երկրի քաղաքացին 35 տարեկանից ոչ երիտասարդ
• Սահմանել առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ
• Նախագահի վաղաժամկետ պաշտոնից հեռանալու դեպքում մինչև նոր նախագահի ընտրությունը նրա լիազորությունները կփոխանցվեն ոչ թե վարչապետին, այլ առաջին փոխնախագահին
• Նախագահը կարող է ցրել Միլի մեջլիսը և արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել
• Երկրի քաղաքացիներն իրավունք ունեն պատգամավոր ընտրվել ոչ թե 25 տարեկանից հետո, ինչպես հիմա է, այլ՝ 18:
«Կողմ» և «դեմ» փաստարկներ
Միլի մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությունը Ադրբեջանում առավել կառուցվածքային կդառնա. «Նախագահական ժամկետի երկարացումը այս փուլում ոչինչ չի փոխում: Այդ նորմը կսկսի գործել միայն հաջորրդ նախագահական ընտրություններից, իսկ հիմա գործող նախագահը իր ժամկետի կեսին էլ չի հասել»: Իշխող «Յենի Ադրբեջանի» ներկայացուցիչ Այդին Միրզազադեն Day.az.-ին տված հարցազրույցում ասել է, որ առաջարկվող լրացումները կարող են նաև լուծել «երկրում սրությամբ բարձրացած՝ չօգտագործվող մասնավոր հողատարածքների հարցը»: Գործող Սահմանադրությունը արձանագրում է, որ մասնավոր սեփականությունն անձեռնմխելի է: Մեծ հողատարածքներ, որ ժամանակին ձեռք են բերվել օրինական հիմքերով իբրև ներդրման ձև, ոչ մի կերպ չեն օգտագործվում: Հանրաքվեի արդյունքներով դրույթ է ներմուծվում, որի համաձայն՝ չօգտագործվող հողատարածքը դատարանի վճռով կարող է վերաբաշխվել՝ տիրոջը նրա շուկայական գինը վճարելով: Տնտեսագետ, ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժման անդամ Նատիգ Ջաֆարլին կարծում է, որ այդ դրույթն արտահայտում է սեփականության վերաբաժանման բարդ գործընթացը, որ կարող է սկսվել օլիգարխների միջավայրում. «Այս դրույթը հաշվարկված է այն օլիգարխների համար, որ ունեն անշարժ գույք և տասնյակ, երբեմն նաև հարյուրավոր հեկտար բերրի հողեր՝ առանց գյուղատնտեսական օգտագործման: Իշխանությունները ցանկանում են այդ հողերը վերադարձնել ցանքսի, մանր հողակտորներ ունեցողներին այդ դրույթը հազիվ թե վերաբերի»՝ ասել է Ջաֆարլին BBC-ին տված հարցազրույցում: Սեպտեմբերի 26-ի հանրաքվեն, նրա կարծիքով, կհանգեցնի «նախագահական իշխանության ուժեղացման», Ադրբեջանում սոցիալական լարման ուժեղացումով՝ տնտեսական դրության վատացման պայմաններում: «Խաղը իրավիճակից առաջ անցնելու վրա է դրված՝ 2017- 2018-ին կշարունակվի տնտեսական անկումը: Այդ պատճառով իշխանությունները ցանկանում են ամրապնդել իշխանության ուղղահայացը՝ նախքան հասարակության մեջ լարումը գագաթնակետին կհասնի: Հանրաքվեից հետո առաջիկա 2-3 ամսում չի բացառվում և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»՝ կարծում է Նատիգ Ջաֆարլին:
Ինչի՞ դեմ է բողոքում ընդդիմությունը
«Իշխանությունները չեն տեղեկացնում հասարակությանը՝ ինչո՞վ է հանրաքվեն պայմանավորված»՝ BBC-ին ասել է ընդդիմադիր «Մուսավաթի» անդամ Արիֆ Գաջիլը: «Հանրաքվեով առաջարկվող փոփոխությունները ուղղված են ավտորիտար վարչակարգի ամրապնդմանը: Փոխնախագահ նշանակելու իրավասությունը տրվում է նախագահին և չի պահանջվում նույնիսկ խորհրդարանի վավերացումը»՝ ընդգծեց նա: Նրա կարծիքով՝ «ամենալուրջ հարցերից մեկն է, որ նախագահը կարող է իր լիազորությունների մի մասը փոխանցել առաջին փոխնախագահին, փոխնախագահներին կամ այլ անձանց»: Հանրաքվեի նախօրեին ընդդիմադիր ուժերը քաղաքային իշխանությունների թույլտվությամբ Բաքվում բողոքի մի քանի ակցիաներ անցկացրին՝ պահանջելով բեկանել հանրաքվեն: Հանրահավաքներից մեկն ավարտվեց բազմաթիվ ձերբակալություններով, որից հետո կազմակերպիչները հրաժարվեցին նոր հանրահավաքներից:
«Այս պայմաններում հանրաքվեի անցկացում, որ արտահայտում է ժողովրդի կամքը, անհնար է»՝ եզրակացնում է Արիֆ Գաջիլը:
Ինչպե՞ս են արձագանքում հանրաքվեին արևմտյան երկրները
ԵԽ Վենետիկի հանձնաժողովը նախնական եզրակացության մեջ քննադատել է Սահմանադրության փոփոխություններն ու լրացումները: Հանձնաժողովի կարծիքով՝ առաջարկվող լրացումները խախտում են իշխանության թևերի հավասարակշռությունը: ԵԽ փորձագետները կարծում են, որ նախագահական ժամկետի երկարաձգումը մինչև յոթ տարի ավելի կուժեղացնի գործադիր իշխանությունը: Խորհրդարանը լուծարելու իրավասությունը, հանձնաժողովի կարծիքով, կսահմանափակի խորհրդարանի և դատական համակարգի անկախությունը, քանի որ խորհրդարանն է հաստատում դատավորներին: Փորձագետները անհանգստացած են ոչ մեկի կողմից չընտրվող փոխնախագահների ինստիտուտով, որ կարող են ինչ-որ պահի կառավարել երկիրը և նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու լիազորությամբ օժտելը: Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ չափազանց կարճ ժամկետ է տրված հանրաքվեի նախապատրաստմանը, փոփոխությունները չեն քննարկվել խորհրդարանում և հասարակության մեջ:
ԵԽ փորձագետները դրական են գնահատել մարդկային արժանապատվության հարգանքի և կամայականությունից պաշտպանության նոր ձևակերպումները: Դրական է գնահատվել և լրացումը, որ «իրավունքների և ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի նպատակներին, որոնց ուզում է պետությունը հասնել»: Սակայն Վենետիկի հանձնաժողովը համաձայն չէ լրացումներին, որ նախատեսում են հասարակական հավաքների սահմանափակում «հասարակական կարգի ու բարոյականության պաշտպանության» նկատառումներով, քանի որ այդ դրույթները շատ լայն մեկնաբանություն են ենթադրում:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանրաքվեից մի քանի օր առաջ հայտարարել է, որ «սպառնալիքները, ձերբակալությունները նրանք, ովքեր քննադատում էին Սահմանադրության առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, բնորոշում են իշխանությունների նախապատրաստական արշավը Ադրբեջանում սեպտեմբերի 26-ի հանրաքվեից առաջ»:
Ի՞նչ են պատասխանում քննադատությանն իշխանությունները
Նախագահի աշխատակազմի օրենսդրության և իրավական փորձաքննության բաժնի վարիչ Շահին Ալիևը Բաքվում մամլո ասուլիսում Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությունն անվանեց «քաղաքական պատվեր»: Նրա խոսքով՝ հանձնաժողովն անտեսել է ադրբեջանական կողմի լսված լինելու իրավունքը: Եզրակացությունը նախապատրաստելիս Վենետիկի հանձնաժողովից ոչ ոք չի փորձել կապ հաստատել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ: Փոխնախագահության ինստիտուտի հաստատումը Շահին Ալիևի խոսքով՝ պահանջում եմ Ադրբեջանում անցկացվող տնտեսական բարեփոխումները, քանի որ տնտեսական հարցերով նախագահի երկու օգնականները քիչ են: Նախագահին՝ խորհրդարանը լուծարելու իրավասություն տալը նա համարում է «կյանքի պահանջ»՝ խորհրդարանում, որտեղ որոշումները ընդունվում են քվեարկությամբ, կարող է ծագել «պատային իրավիճակ»: Նախագահական ժամկետի ավելացումը Շահին Ալիևը բացատրում է նախագահի ու խորհրդարանի ընտրությունները ժամանակի մեջ իրարից բաժանելու անհրաժեշտությամբ, իսկ նախագահին արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման լիազորություն տալու պատճառն այն է, որ նախագահը հնարավորություն ունենա վստահության քվեի համար դիմել ժողովրդին, եթե պաշտոնավարման ժամկետը 7 տարի դառնա:
BBC
Հ.Գ. Չկասկածեք, որ արդեն լուսաբացին Ադրբեջանի ժողովուրդը գերազանց արդյունքներով կընդունի առաջարկվող փոփոխություններն ու լրացումները Սահմանադրության, որոնց հետևանքով Իլհամ Ալիևը առաջին փոխնախագահ կնշանակի Մեհրիբան Ալիևային, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր կդառնա Հեյդար Ալիևը՝ նրա որդին: Որոշակի իրավիճակում Իլհամ Ալիևը նաև կլուծարի Միլի մեջլիսը ու կնշանակի նախագահական նոր ընտրություններ՝ Սահմանադրությունից հետո նա կարող է ընտրվել ու ընտրվել՝ ինչպես և գործող Սահմանադրությամբ էր: Ապրիլյան պատերազմի մի քանի հարյուր հեկտար «նվաճումը» նրան պետք էր սահմանադրական բռնապետություն հաստատելու համար: Փաստորեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ